Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վադիմ Դուբնով. «Ծառուկյանին Մոսկվայում խորհուրդ են տվել հեռու մնալ Տեր-Պետրոսյանից»

Վադիմ Դուբնով. «Ծառուկյանին Մոսկվայում խորհուրդ են տվել հեռու մնալ Տեր-Պետրոսյանից»
12.11.2014 | 16:43

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:


-Պարոն Դուբնով, վերջին ամիսների հասարակության մի որոշ հատվածի մոտ տպավորություն կար, որ հայաստանյան եռյակը գոնե մոտ ապագայում կշարունակի միասնական աշխատանքն Ազատության հրապարակում: Անսպասելիորեն, ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ եռյակի ուժերին, մասնավորապես ԲՀԿ-ին, հորդորելով չլքել Ազատության հրապարակը և շարունակել համաժողովրդական պայքարը նույն ոգով: ԲՀԿ-ից պատասխանը չուշացավ. ԲՀԿ խոսնակն իր հերթին հորդորեց ՀԱԿ-ին կազմակերպել հանրահավաքներ ցանկացած տեղում, ցանկացած պահի: Սա տեղի ունեցավ, երբ ԲՀԿ առաջնորդն օրերս, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, հանդիպեց Պուտինի մերձավորներից մեկի հետ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ ԲՀԿ-ն փոխեց իր քաղաքականությունը Ծառուկյանի ռուսաստանյան այցից հետո:
-Լիովին ընդունում եմ, որ Ծառուկյանը Մոսկվայում է եղել, և նրան խորհուրդ են տվել հեռու մնալ ոչ այնքան ՀԱԿ-ից, որքան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, քանի որ, ես կարծում եմ, որ պարոն Տեր-Պետրոսյանին, չնայած նրա հռետորիկային, չհաջողվեց համոզել Մոսկվային, որ ինքը հանդիսանում է Մոսկվայի գործընկերը: Կարծում եմ, որ Մոսկվայի համար այստեղ կարևոր են նույնիսկ ոչ այնքան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները, որքան հնարավոր է՝ սա Ռոբերտ Քոչարյանի վարկաբեկվածության հետևանքն է, որ իր պլաններն ունի այս խաղում, և որը ևս բավարար հիմքեր ունի ՀԱԿ-ի հետ մտերմանալու հույսեր չփայփայելու: Բայց սրանք տակտիկական հարցեր են, որոնք իրենց տեղն ունեն, բայց որոշիչ չեն:
Ես կարծում եմ, որ, համակարգային իմաստով, ԲՀԿ-ն ամեն դեպքում չի կարող տեսականորեն ձեռք ձեռքի տված գործել ՀԱԿ-ի հետ, քանի որ դրանք տարբեր միավորումներ են, բացարձակապես տարբեր մարդիկ տարբեր նպատակներով՝ որքան էլ նրանք փորձեն իրենց հռետորաբանությունները, բառերը հարթակում հնարավորինս մոտեցնել: Ես միշտ մտածում էի, որ եռյակը ժամանակավոր է: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն, ամեն դեպքում, որոշ չափով իր իշխանական ծագման պատանդն է: Սա, իհարկե, իր դերակատարությունն ունենում է այս ինտրիգային հարցերում:
-Եթե համարենք, որ ավարտված է եռյակի գործունեությունը, ԲՀԿ-ն ի՞նչ խնդիր լուծեց՝ ընդդիմադիր համարվող երկու ուժերին ժամանակավորապես միանալով:
-ԲՀԿ-ն իրեն դրսևորեց որպես ընդդիմության առաջնորդ և ցուցադրեց, որ կարող է համախմբել, իսկ այդ եռյակում պարոն Ծառուկյանն ակնհայտորեն իրեն առաջնորդ էր զգում: Ես կարծում եմ, որ նրա համար կարևորը ոչ թե իշխանության դեմ պայքարն էր, այլ դա իշխանության հետ շփումներում բանակցային դիրքի հայտ էր՝ այսպես ասած: Այսինքն՝ սա խաղ չէր ընդդեմ իշխանության, այլ ավելի ճիշտ՝ առևտուր:
-Որոշ փորձագետների գնահատմամբ՝ եռյակը վերահսկվում էր ՀՀ երկրորդ նախագահի կողմից, և նա իր հաշվարկներն ուներ այս ամենում: Ի՞նչ եք մտածում այս մասին և քաղաքականություն վերադառնալու նրա հնարավորությունների մասին:
-Ես կարծում եմ, որ նա ինչ-որ առումով արդեն վերադարձել է քաղաքականություն գոնե այն պատճառով, որ մենք այս հարցը քննարկում ենք: Ես վստահ չեմ, որ նա լուրջ շանսեր ունի վերադառնալու քաղաքականություն ավելի պակաս վիրտուալ կերպով, քանի որ դրա համար իսկապես ջանքեր գործադրվում են, և ակնհայտորեն կա նպատակ հետաքրքրելու այդ մտադրությամբ Մոսկվային: Բայց ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէր Ձեր որակումը՝ «վերահսկել», քանի որ, ըստ իս, խոսքը ազդեցության մասին է. Ռոբերտ Քոչարյանն ազդում է եռյակի գործունեության վրա Ծառուկյանի միջոցով և կարողանում է ըստ էության: Չեմ կարծում, որ այդ ազդեցությունը որոշիչ է, բայց որոշ շեշտադրումներ նկատելի են:
-Քոչարյանին վերադարձնելու ներքին պահանջարկ չկա, կա՞ արտաքին պահանջ:
-Ես կարծում եմ, որ Մոսկվայում կան մարդիկ, որոնց հետաքրքրում է Քոչարյանի վերադարձը Հայաստանի քաղաքական բարձունք: Բայց ես չեմ կարծում, որ այդ մարդիկ ունեն քարտ բլանշ, չեմ կարծում, որ նրանք այն տեղում են, որ Հայաստանում ինչ-ինչ խնդիրներ լուծեն:
-Դուք մշտապես կրկնում եք, որ ՀՀ ներկայիս նախագահը ոչնչում չի մերժում Մոսկվային, իսկ նրա նկատմամբ դեռ դժգոհություններ կան:
-Մեծ հաշվով, ՀՀ ցանկացած նախագահ, որ պատկանում է այն ծագմանը, ինչ Սարգսյանն ու Քոչարյանը, նույն սկզբունքով են գործելու: Ոչ Սարգսյանը, ոչ Քոչարյանը առանցքային հարցերում չեն հակասում Մոսկվային իրենց քաղաքական ծագման համար: Հարցն այն է, որ նախագահի ֆիգուրը կարծես ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցն է: Քանի դեռ ՀՀ նախագահը կլինի այն ծագման, ինչ Քոչարյանն ու Սարգսյանը, այս ուղին Հայաստանի համար էական է լինելու: Եթե լինի մեկ այլ նախագահ, հնարավոր են Ռուսաստանի հետ այլ հարաբերություններ:
-Ձեր խոսքից հասկացա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այդ ծագման չէ, հետաքրքիր չէ՞ Մոսկվայի համար:
-Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք Մոսկվայի համար հետաքրքիր չի եղել: Ես կարծում եմ, որ նրա վրա խաղադրույքներ չեն դրվել այն ժամանակից, երբ նա դուրս եկավ իշխանությունից: 2008 թ. իրադարձությունները, երբ նա փորձեց հետաքրքրել Մոսկվային, ցույց տվեցին, որ նա հնարավորություններ չունի և ՀՀ քաղաքական դաշտում երկրորդական դերակատարություն է ունենում:

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ